ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։

Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։

Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։

Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։

—————————-

1 Ստորև տրվում է Վահագնի ծննդյան երգի հին հայերեն բնագիրը. «ԵրկնԷր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք»։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

Մի  օր հեթանոս աստվածների  հայր  Արամազդը  կանչում է իր ատենադպիր Տիրին ու ասում.

-Գնա’  մատյանդ բեր:

Այդ մատյանում  Տիրը  (նա  հին հայերի  գիտության ու դպրության  աստվածն էր)  գրի էր առնում  մարդկանց  մասին ամեն բան:

Արամազդը  թերթում է մատյանը:

-Այս ի՞նչ ես գրել, Տի’ր, — ասում է գերագույն աստվածը, — Արա անունով այս մարդն  իրո՞ք  չի հոգնում աշխատանքից:

— Դա  ճշմարտություն է, հայրդ աստվածների, — պատասխանում է Տիրը:

— Հիմա կտեսնենք, թե  դա ինչպես է լինում, որ նա աշխատանքից չի հոգնում:

Աստվածահայրը ցերեկը կարճացնում է,  գիշերը՝  երկարացնում:

Արա հողագործը շատ է զարմանում, որ լույսն ուշ է բացվում:  Իր ժամին ստիպված  հագնվում է  և սկսում  բանել:

-Լսի’ր  ատենադպի’ր,  —  ասում է Տիրին Արամազդը, — քո մատյանում Արայի անվան դիմաց ավելացրո’ւ,  որ մարդն իր աշխատասիրությամբ կարող է հաղթել  աստվածներին:Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *