Ռուս թուրքական պատերազմներ 1828–29թթ.-ի պատերազմը

Աշխատել են Սոսոյան Նարեկը և Ավետիսյան Արմենը

Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ: Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29թթ.-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *